ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ. ԿԳԲ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է, ԿԳԲ-Ն ՊԵՏՔ Է ՓԼՈՒԶՎԻ
Երբ իմ բարեկամ Միքայել Հայրապետյանը մեկ տարի առաջ «Իմպիչմենտ» դաշինքի հանրահավաքներից մեկում հայտարարեց, թե նախկին Կագեբեի, այժմ` ԱԱԾ-ի` Երեւանի Նալբանդյան փողոցում գտնվող շենքը անհրաժեշտ է քանդել եւ նրա տեղում մի մեծ փոս թողնել, այս միտքը ոմանց տարօրինակ թվաց:
Վերջին տասը տարիները, սակայն, ապացուցել են այս մտքի ճշմարտացիությունը` այդ շենքի ոչ թե ֆիզիկական, գոնե բովանդակային կազմաքանդման իմաստով: Վերջին շրջանում հենց ԱԱԾ-ն է դարձել Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների դրոշակակիրը, եւ այդ գործողությունների իմաստը հասկանալու համար` նախ անհրաժեշտ է ըմբռնել այս կառույցի ներքին բովանդակությունն ու մղումները, ճանաչել նրա իդեալները, տեղեկանալ նրա գործունեության չերեւացող կողմերի մասին: Եւ որպեսզի այս մասին խոսելիս վերացական պատկերներ չնկարագրեմ, արժե ընթերցողին ներկայացնել կոնկրետ կերպարների: Ինչպես արդեն տեղեկացել եք կնոջս` Աննա Վ. Հակոբյանի հոդվածից, ընդդիմության ակտիվիստների դեմ գործողություններում ակտիվորեն ներգրավված է ԱԱԾ օպերատիվ բաժիններից մեկի ղեկավար, փոխգնդապետ Կարեն Մանուկյանը: Վերջինիս ես ճանաչում եմ անձամբ եւ նրա հետ առնչվել եմ մեր թերթի աշխատակիցների նկատմամբ հարձակումների դեպքերի կապակցությամբ, որոնցից երկուսով զբաղվել է նա: «Բարեւ-բարլուսի» մակարդակով նա սովորական, նորմալ մարդու տպավորություն է գործում: Իսկ ինչպիսի՞ն է նրա աշխատանքային աշխարհայացքը. Մանուկյանի աշխատասենյակի պատից մեզ է նայում Ֆելիքս Ձերժինսկու պատկերը: Բայց սա սովորական լուսանկար չէ, այլ սովորական թղթի վրա տողային տպիչով տպված արտացոլանք: Այս եղանակով տպված պատկերը աղավաղված է ստացվում, եւ տվյալ դեպքում դա հատուկ է արված` կերպարին առասպելականություն հաղորդելու համար: Հիշեցնեմ, որ Ֆելիքս Ձերժինսկին սովետական Կագեբեի հիմնադիրն է, որ իր ժամանակ կոչվում էր Վեչեկա: Հիշեցնեմ նաեւ, որ ԿԳԲ-ն մարդկության պատմության ամենագազանաբարո, հակամարդկային կազմակերպություններից մեկն էր, որի գործունեությունը կարելի է համեմատել միայն նացիստական Գեստապոյի հետ, եւ հենց Կագեբեի շինծու մեղադրանքների զոհն են դարձել տասնյակ միլիոնավոր անմեղ մարդիկ, սովետական քաղաքացիներ:
Բայց Մանուկյանի աշխատասենյակից կախված Ձերժինսկին եզակի չէ: Նման պատկերներ կան բազմաթիվ ԱԱԾ-ականների սենյակներում, եւ դա միայն թղթի կտոր չէ, այլ մտածողության, հոգեբանության արտահայտություն: Սրանում համոզվեցի նույն Մանուկյանի արած մի արտահայտություն լսելով. իմ ներկայությամբ դիմելով սենյակում գտնվող մի երիտասարդի` անկախ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության փոխգնդապետը ասաց. «Անգամ Ամերիկան այս կազմակերպությանը չկարողացավ խաբել, դու ուզում էիր խաբե՞լ»: Ինչպես հասկացաք, «այս կազմակերպությունը», որին անգամ ԱՄՆ-ն չի կարողացել խաբել, սովետական ԿԳԲ-ն է:
0 comments:
Post a Comment