Wednesday, May 21, 2008

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀ/Andranik Hovakimyan passed away today

What seems to be both an obituary for and recognition of the works of recently deceased Andranik Hovakimyan [summary in english to follow]

ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԶՈՀ

Համաժողովրդական շարժումը հանուն ազատության եւ ժողովրդավարության համար իր պայքարում տվեց հերթական զոհը։ Երեկ երեկոյան սրտի տագնապից մահացավ Հայոց Համազգային Շարժման վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը։ Ի սկզբանե եւ անմնացորդ նվիրված մեր ժողովրդի պայքարին՝ Անդրանիկ Հովակիմյանը հսկայական կազմակերպական ու գործնական աշխատանքի ծանրաբեռնվածություն ուներ անցած նախագահական ընտրություններում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից նա համակարգում էր Շիրակի մարզում նախընտրական աշխատանքները եւ հետեւում ընտրություններին, որի ընթացքում բացահայտել էր բազմաթիվ օրինախախտումներ։ Հենց դա էր պատճառը, որ վարչախմբի կողմից խաղաղ ցուցարարների ջարդից ու մարտիմեկյան սպանդի կազմակերպումից հետո նա հայտնվեց նախապես կազմված շինծու մեղադրանքներով ձերբակալելու ենթակա գործիչների «սեւ ցուցակի» առաջին տողերում ։ Առաջին իսկ օրից բազմիցս նրա բնակարան են այցելել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ նրան ձերբակալելու նպատակով։ Անդրանիկ Հովակիմյանին հաջողվել էր խույս տալ ձերբակալումից ու արդեն մոտ երեք ամիս, որպես քաղաքական հալածյալ ապրում էր ընդհատակում։ Սրտի հետ կապված խնդիրներ ունենալով, այդ պայմաններում նա չէր կարող դիմել բժշկական օգնության, ապրել հանձնարարված ռեժիմով։ Հետեւանքը եղավ սրտի ծանր տագնապը, որ խլեց նրա կյանքը։ Այսինքն՝ նա ոչ թե մահացել, այլ զոհվել է պայքարում որպես մարտիկ, եւ նրա մահը հանցագործ վարչախմբի սանձազերծած քաղաքական հալածանքների հետեւանք է, ինչի համար վերջինս պատասխան է տալու անպայման։
Անդրանիկ Հովակիմյանի մահը ծանրագույն կորուստ է առաջին հերթին Հայոց Համազգային Շարժման համար, որի անդամն է նա ի սկզբանե եւ վարչության ղեկավարներից է երկար տարիներ։ Նրա ընկերներն ու կուսակիցները երկար ժամանակ չեն հավատալու ու չեն համակերպվելու իրենց հարազատ չափազանց հոգատար ընկերոջ կոուստի հետ։ Հասարակությանը նա հայտնի են իր բազմաթիվ քաղաքական հոդվածներն ու հարցազրույցներով, հեռուստատեսային եւ ռադիոեթերում բանավեճերով։ Որպես քաղաքական գործիչ նա առանձնանում էր եզակի քաղաքական հոտառությամբ, սկզբունքայնությամբ, անաչառությամբ, դիպուկությամբ։ Մյուս կողմից՝ նա երբեք դուրս չէր գալիս կոռեկտության սահմաններից, ում հետ եւ ինչ հարցով էլ լիներ բանավեճը։ Եւ հենց դա նրա խոսքը դարձնում էր համոզիչ։
Համաժողովրդական շարժման կենտրոնը, ցնցված է Անդրանիկ Հովակիմյանի մահվան գույժից, խորապես ցավակցում է նրա ընտանիքին ու հավասարապես իրենը համարում ծանրագույն այս վիշտը։

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

0 comments: