Thursday, July 24, 2008

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

[Update: english translation is above]

Մենք, Հայաստանի քաղբանտարկյալներս, ողջունում ենք հանուն ազատության եւ երկրի բարգավաճման մեր հայրենակիցների պայքարի աննկուն կամքը եւ համոզված ենք, որ պայքարը մտնում է վճռական փուլ:

Պետական իշխանության լծակներն ապօրինաբար իր ձեռքում պահող Հայաստանի քրեածին-օլիգարխիկ ռեժիմը հոգեվարքի մեջ է եւ ամբողջ աշխարհին ցուցադրում է իր իրական դեմքը: Չորս ամսվա ընթացքում Հայաստանի Գլխավոր դատախազությունը Համաժողովրդական շարժման որեւէ ակտիվիստի չկարողացավ հիմնավոր որեւէ մեղադրանք ներկայացնել մարտի 1-ի հետ կապված հանցագործության մեջ: Դատախազության աշխատանքն, ընդհակառակն, ակամա ցույց տվեց, որ իշխանության բոլոր հայտարաությունները ցուցարարների կողմից ոստիկանության դեմ հրազեն օգտագործելու մասին սուտ են եւ մտացածին հերյուրանք: Մինչդեռ անհերքելիորեն հաստատվեցին մեր հայտարարություններն այն մասին, որ մարտի 1-ին գործող ռեժիմի կողմից ժողովրդի եւ պետության դեմ կատարվել է նախապես ծրագրված ոճրագործություն:

Հայաստանում եւ աշխարհում բոլորը հասկացան, որ մարտի 1-ի սպանդը, Շարժման ակտիվիստների՝ դրան հետեւած հարյուրավոր ձերբակալություններն ու նրանց շինծու քրեական մեղադրանքներ ներկայացնելը իրականում բռնաճնշումներ են ամբողջ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով դրանով պարտակել վարչախմբի ծանրագույն հանցանքը: Մենք հայտարարում ենք, որ մարտի 1-ին տեղի է ունեցել պետական մասշտաբի հանցագործություն՝ իշխանության բռնազավթում, որը ՀՀ Սահմանադրության մեջ առանձնացված է որպես քրեորեն պատժելի արարք: Այդ հանցանքը գործել են Ռ. Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ինչի հետեւանքով վերջինս ապօրինաբար հռչակվել է ՀՀ նախագահ:

Ի սկզբանե մենք համոզված էինք, որ հետընտրական օրերին վարչախմբի գործողությունները բխում էին իշխանության բռնազավթման նախապես կազմված ծրագրից: Նախագահական ընտրություններում իշխանությունը կորցրած քրեածին-օլիգարխիկ վարչախումբը ծրագրել էր իրականացնել ուժային ակցիաներ ու զանգվածային բռնաճնշումներ: Հրեշավոր այդ ծրագրի հիմք դեռ 2008թ. փետրվարի 24-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից «Իշխանության բռնազավթման փաստով» հարուցված քրեական գործն էր: Այս հակաօրինական հորինածո գործը կոչված էր օրինականացնել համընդհանուր բողոքի ճնշման՝ իշխանության բոլոր հետագա գործողությունները եւ ցանկացած գնով ապահովել Սերժ Սարգսյանին Նախագահ հռչակելը: Դրա վրա են հենվել վարչախմբի բոլոր հետագա գործողությունները. քաղաքացիների եւ ոստիկանների գնդակահարությունները մարտի 1-ին, Արտակարգ դրության ռեժիմի հաստատումը, Ազգային ժողովի կողմից Հանրահավաքների եւ ցույցերի մասին օրենքում կատարված հակասահմանադրական փոփոխությունները, Շարժման ակտիվիստների ձերբակալությունները, տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ ոստիկանական ահաբեկչությունը եւ այլն:

Այս ամբողջ ընթացքում վարչախմբի մենաշնորհը հանդիսացող հեռուստաալիքները գիշերուզօր լծված էին հասարակությանը եւ աշխարհին ապատեղեկատվություն հաղորդելու գործին: Ջանում էին ներկայացնել, իբր Հայաստանում տեղի է ունենում պետականության քանդելու գործընթաց, իսկ իշխանությունը հակահարված է տալիս սահմանադրական կարգին սպառնացողներին: Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի Հայաստանի ողջ բնակչությունը եւ համաշխարհային հանրությունը վերջնական համոզման գան Հայաստանում իրականում տեղի ունեցածի մասին: Ուստիեւ հենց հիմա մենք ճիշտ ժամանակն ենք համարում իրերը կոչել իրենց անուններով եւ հայտարարել.

Հայաստանում իշխանության բռնազավթման, մարտի 1-ի սպանդի կազմակերպման, հետագա «օրինականացված բռնաճնշումների» բոլոր մեղավորները կանգնելու են դատարանի առջեւ: Ռ. Քոչարյանը պետք է դատվի որպես մարդկության դեմ գործած հանցագործության հեղինակ: Արդարադատության առջեւ պատասխան պետք է տան ահաբեկչության ու հակասահմանադրական ակտերի հեղինակները եւ իրականացնողները՝ Հատուկ քննչական ծառայությունը, Ազգային ժողովը, Գլխավոր դատախազությունը: Նախագահի պաշտոնը բռնազավթած Սերժ Սարգսյանը պետք է հեռացվի պաշտոնից ու դատվի:

Մենք համոզված ենք, որ Հայաստանի ժողովուրդը հասնելու է ազատության եւ արդարության: Մեր կալանատեղերը մենք հաճույքով եւ պատրաստակամությամբ կտրամադրենք իրական հանցագործներին: Այսուհետ Հայաստանում ոչ մեկը պետք է կասկած չունենա, որ անհնար է ժողովրդի դեմ պատերազմի միջոցով իշխանություն բռնազավթել կամ պահել այն:

Հաղթելո՛ւ ենք:


Գագիկ Ջհանգիրյան
Սմբատ Այվազյան
Քրիստափոր Էլազյան
Գուրգեն Եղիազարյան
Աշոտ Զաքարյան
Գևորգ Ղազարյան
Ալիկ Արզումանյան
Արարատ Զուրաբյան
Հովիկ Հարությունյան
Հուսիկ Բաղդասարյան
Վարդան Ղավալբաբունց
Սուրեն Սիրունյան
Դավիթ Մաթևոսյան
Սոս Գևորգյան
Վահե Ղազարյան
Մկրտիչ Աբրահամյան
Գրիգոր Ոսկերչյան
Աղասի Մկրտչյան
Պետրոս Մաքեյան
Վարդան Մալխասյան
Արման Բաբաջանյան
Մկրտիչ Սափեյան
Ժորա Սափեյան

0 comments: